Այգիները խմելու ջրով ոռոգողները սովորաբար գողանում են այն - 22 Մարտ 2016



Այգիները խմելու ջրով ոռոգողները մեծամասամբ գողանում են այն: Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է «Հայջրմուղի» գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը՝ մեկնաբանելով ամառային ամիսներին վատ ջրամատակարարման կապակցությամբ սպառողների դժգոհությունները:

Նշենք, որ Աշտարակ քաղաքում ու դրա շրջակայքում օրական երկու անգամ 2-ական ժամ նվազագույն ջրամատակարարման դեպքում անցած տարվա ամառային ամիսներին մատակարարումը կրճատվել էր՝ դառնալով օրական երկու անգամ՝ 30-ական րոպե:

«Եթե մարդիկ այգիները խմելու ջրով են ոռոգում, ուրեմն նրանք գողանում են այն: Նրանք դրա դիմաց չեն վճարում: Եթե վճարեին՝ այդպես չէին օգտագործի: Մենք ձգտում ենք վերահսկել իրավիճակը, գտնել ապօրինի գործածումները ու պայքարել դրանց դեմ: Ով ջուրը վերցնում է ապօրինի ճանապարհով, հենց նա էլ ուրիշներին զրկում է ջրից»,- ասել է Լորենը: Այս խնդիրը ընկերության առաջ է կանգնում ամեն ամառ, ընդ որում ոչ միայն Աշտարակում, այլեւ երկրի մյուս մարզերում, հավելել է նա: «Պետք է բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ իրականացնել: Նրանք պետք է հասկանան, ո չի կարելի ջուրը ապօրինի ճանապարհով վերցնել, դրանից մյուսներն են տուժում: Կարծում եմ, որ այս գործում մեզ պետք է օգնի նաեւ մամուլը»,- ամփոփել է Պատրիկ Լորենը:

Հիշեցնենք, որ «Հայջրմուղ» ընկերությունն աշխատում է Երեւանի սահմաններից դուրս ու սպասարկում Հայաստանի 7 մարզերի 38 քաղաքներ ու 268 գյուղեր: 2004 –ից սկսած Հայջրմուղ ՓԲԸ-ի կառավարումը պայմանագրային հիմունքներով հանձնվել է ֆրանսիական SAUR ընկերությանը:


«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կառավարման կենտրոն - 22 Մարտ 2016


«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի վարչությունը ս.թ. մարտի 22-ին լրատվամիջոցների համար կազմակերպում է շրջայց՝ դեպի Աշտարակ քաղաքի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կառավարման կենտրոն:

Տարածաշրջանում նախադեպը չունեցող կենտրոնը «Սկադա» համակարգի միջոցով հնարավորություն է տալիս հեռակառավարել ջրամատակարման և ջրահեռացման համակարգերը: Այժմ կառավարման կենտրոնում կատարվում է մեքենա-մեխանիզմների, ջրամբարների, պոմպակայանների, ծախսված էլեկտրաէներգիայի, արտադրված և սպառված ջրի առցանց մոնիտորինգ։ Համակարգը թույլ է տալիս նաև ավտոմատ կառավարել պոմպակայանները, ըստ բազմաթիվ չափանիշների անջատել կամ միացնել պոմպերը։ Կառավարման կենտրոնում տեսահսկում է պոմպակայանների տարածքը։ Ներկայում կատարվում է նաև ջրում առկա մնացորդային քլորի առցանց վերահսկում, ինչը նպաստում է ջրի որակի վերահսկողությանը:


Մշակվել են ջրի ծավալի հաշվարկման նոր մոտեցումներ - 09 Հոկտեմբեր 2015


Դեռ տարեսկզբին "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ-ում մշակվել է ջրի ծավալի հաշվարկման նոր մոտեցում, ինչի միջոցով փորձ է արվել հեշտացնել բաժանորդների հետ տարվող աշխատանքը: Ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքում տեսուչներն այլևս ամեն ամիս պարբերաբար չեն անհանգստացնի բնակիչ-բաժանորդներին՝ ջրաչափերի ցուցմունքներն արձանագրելու նպատակով:


Դիտե՛ք տեսանյութը:

Դիլիջանի ջրամատակարարման ներքին ցանցն ամբողջովին արդիականացվում է - 09 Սեպտեմբեր 2015


Զբոսաշրջային եւ առողջարանային Դիլիջանի զարգացման համար կարեւոր են հատկապես ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը: Փոխվում է Դիլիջանի ջրամատակարարման ներքին ցանցը:

550 մ երկարությամբ խողովակաշարը բնակիչներին կհասցնի ավելի մեծ քանակությամբ մաքուր խմելու ջուր: Նոր աշխատանքներից հետո խմելու ջրի կորուստները կբացառվեն:

Կենարար հեղուկը կհասցվի Դիլիջանի բոլոր թաղամասեր, որոնցից շատերն աշխարհագրական դիրքի պատճառով զրկված էին շուրջօրյա ջրամատակարարումից: Ծրագրի իրականացումից հետո կապահովվի նաեւ Դիլիջանի Շումախյան թաղամասի ամենօրյա ջրամատակարարումը:


Դիտե՛ք տեսանյութը:

Ջրի ճանապարհը՝ դեպի Բերդ



Ջուր լինել-չլինելու ցուցիչը Բերդի Խաչատրյան փողոցի այս տունն է: Քաղաքի ամենաբարձր կետի տանտերը ջրաչափ տեղադրելու թիվը, օրն ու ամիսն իր ծննդյան տարեթվի պես է հիշում: 2015, օգոստոս: Հենց ջրաչափ տեղադրվեց, տանտերն ուրախությունից ջրի միջից դուրս չի գալիս: Պապն ամառային ցնցուղը չավարտած, վերևից թոռնիկին են հերթ կանգնեցրել: Ամենօրյա Վարդավառից դուրս Հրաչիկ պապը կանաչների մեջ է: Բերքն այնքան առատ է, որ խառնվել է իրար, չգիտի` կարտոֆիլը ցույց տա, վարունգն ու լոլիկը, թե լոբին ու խաղողը:

Ինչ դժվարությամբ են ջուրը հասցրել բերդեցիներին, գիտեն միայն իրենք, ջուր բերողներն ու շինարարները: Մեկ տարի պահանջվեց, որ ամբողջ ցանցը փոխեն, ավելի ժամանակատար էր մաքրման կայանի ավտոմատացումը: Ֆինանսավորման խնդիր չկար` Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրով կաթիլ առ կաթիլ ջուրը հասավ գյուղացուն: Նույնիսկ անցած դարի ցանցը փոխելիս, շինարարներն այդպես էլ չպարզեցին` փտած խողովակներով ջուրը ո՞ւր էր գնում, ճանապարհի ո՞ր հատվածում էր կորչում: Դժվար էր, բայց գործն արված է, ջուրն էլ տուն է մտնում ոչ թե երկու օրը մեկ` 2 ժամով, այլ ամեն օր` առայժմ 9-ը ժամով, հետո կլինի 18 ժամ: Ուր է դրել դույլերով սայլակը` Հրաչիկ պապը չի էլ հիշում: Ինչքան ժամանակ է` չի գնում հեռվից լողանալու ջուր բերելու: Հնադարյան մեթոդը դժվար էլ պետք գա:


Նոյեմբերյանում նոր են բացահայտել՝ ինչ ասել է ծորակի մշտական ջուր



Նոյեմբերյանում ողջույնի նոր ձևը ջրի առատ հոսքն է բերել: Այստեղ երբեք չեն իմացել` ինչ ասել է ծորակի մշտական ջուր, հիմա իրենց տեսածին չեն հավատում: Հարևաններ Սիրուշն ու Անուշն անցած-գնացած օրերն են հիշեցին: Մարդ էլ սարսափ երազ տեսնի,ասում են, չկարողանա հոսող ջրին պատմել: Իսկ որ երազը իրականություն չդառնար ու անջուր չմնային՝ հարևաններով հավաքվում էին, մեքենա վարձում ու... դեպի անտառ:

Հիմա իրենք չեն գնում անտառի ջրի մոտ, ջուրն է գալիս իրենց մոտ: Որպեսզի նոյեմբերյանցիները մեկընդմիշտ ազատվեն սարսափ երազից, պետք էր բաշխիչ ցանցը վերակառուցել, բոլոր խողովակները փոխել: Օգնեց Ասիական զարգացման բանկը` իր վարկային ծրագրով: 50-ականների խողովակներն այնքան մաշված էին, որ ջուրը տեղ չէր հասնում: Նոյեմբերյանի գրեթե կեսը սնվում է այս ջրամբարից: Մեկն է չորսից: Դրանք էլ են վերակառուցվել, որ լիարժեք գործեն: Զրամբարի մոտ դեռ պահպանվել է հին ջրատարներից մեկը: Սա ամենապահպանված խողովակն է: Փողոցներում կապույտ գույնը շատացել է: Զրաչափական հորերում ջրաչափերն ակտիվ պտտվում են: Զրմուղի պաշտոնյան կատակում է` մի ժամանակ ջրի պակասից էին դժգոհում, հիմա էլ` ավելցուկից ու ծախսից: Խողովակները փոխելու, ջրաչափ տեղադրելու կամ էլ վնասված ասֆալտը թարմացնելու պահին ոգևորված տավուշցիները գնում գալիս` հյուրասիրությունն են առաջարկում` թեյ, սուրճ... արդեն նաև` ջուր:


Արարատ գոլֆ ակումբում կայացել է Համահայկական 6-րդ խաղերի գոլֆի մրցաշարը - 16 օգոստոս 2015



Կանանց պայքարում հաղթող է ճանաչվել Նուշիկ Գևորգյան

Օգոստոսի 6-10-ը Վահագնի բնակելի թաղամասի Արարատ գոլֆ ակումբում Համահայկական խաղերի պատմության մեջ առաջին անգամ կայացել է գոլֆի մրցաշար, որին մասնակցել է 21 խաղացող Հայաստանից, Արցախից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կիպրոսից, Գերմանիայից, Ավստրալիայից, Ուկրաինայից, Շվեդիայից և Արգենտինայից: Մրցումները, որոնք ընթացել են 5 կանանցից և 17 տղամարդկանցից բաղկացած երկուական թիմերի միջև, նպատակ են ունեցել նպաստել Հայաստանում այս սպորտաձևի տարածմանն ու զարգացմանը, ինչպես նաև առողջ մրցակցային ոգի սերմանել մասնակիցների շրջանում: Կանանց պայքարում հաղթող է ճանաչվել Նուշիկ Գևորգյանը Երևանից, իսկ երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել համապատասխանաբար Արաքս Զարգարյանն Արցախից և Անահիտ Ղազարյանը Գերմանիայից: Տղամարդկանց պայքարում հաղթող է դարձել Ջիմ Լիվիեն Կիպրոսից, իսկ Համազասպ Ղազարյանը Գերմանիայից և Դանիել Քեչյանն Արգենտինայից զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը:

Չորս օր տևած մրցումների բացմանը նախորդել է օգոստոսի 5-ին տեղի ունեցած փորձնական խաղը՝ թույլ տալով մասնակիցներին ծանոթանալ միմյանց և ուսումնասիրել տարածքը: Խաղերը մեկնարկել են օգոստոսի 6-ին և եզրափակվել օգոստոսի 10-ին՝ ժամը 14:00-ին, տեղի ունեցած փակման արարողությամբ և Վահագնի ռեստորանում կայացած ճաշկերույթով:

6-րդ Համահայկական խաղերի շրջանակում կայացած գոլֆի մրցաշարի փակման հանդիսավոր արարողության ընթացքում տեղի է ունեցել պաշտոնական մրցանակաբաշխությունը: Մրցաշարի փակմանն իր խոսքով հանդես է եկել Վահագնի բնակելի թաղամասի տնօրեն Նինա Հովնանյանը. «Մեզ համար մեծ ուրախություն և պատիվ է Արարատ գոլֆ ակումբում հյուրընկալել աշխարհասփյուռ հայության համար այս կարևորագույն սպորտային միջոցառման մասնակիցներին և երկրպագուներին: Վեցերորդ համահայկական խաղերի ծրագրում գոլֆի ընդգրկումը Հայաստանում այս հրաշալի մարզաձևի զարգացմանը, ինչպես նաև ամբողջ աշխարհում հայ գոլֆասեր հասարակության համախմբմանն ուղղված կարևորագույն խթան է: Լիահույս եմ, որ այս մրցաշարը շարունակական բնույթ կկրի»: «Համահայկական վեցերորդ խաղերի շրջանակում տեղի ունեցած գոլֆի այս մրցաշարը զգալի ներդրում է Հայաստանում և սփյուռքում այս սպորտաձևի տարածման ու զարգացման գործում: Վստահորեն կարող եմ ասել, որ մրցումները հիմնված էին առողջ մրցակցության և արդար պայքարի սկզբունքների վրա: Ակումբի բարձրակարգ դաշտերն ապահովեցին մրցումների բարեհաջող ընթացքն ու ավարտը», - նշել է Հայաստանի ազգային գոլֆի ասոցիացիայի փոխնախագահ Պատրիկ Լորին: Գոլֆը Հայաստան է ներթափանցել 2005թ.ին ամերիկահայ գործարար և բարերար Վահագն Հովնանյանի կողմից, ով Արարատ գոլֆ ակումբի հիմնադիրն է և Հայաստանի ազգային գոլֆի ասոցիացիայի նախագահը: Այս երկու հաստատությունները զգալի դեր են խաղացել երկրում գոլֆի տարածման գործում՝ կազմակերպելով և մասնակցելով մարզաձևի զարգացմանն ուղղված բազմաթիվ դասընթացների և մրցաշարերի: Համահայկական 6-րդ խաղերի շրջանակում անցկացված այս լայնընդգրկուն մրցաշարը կազմակերպվել է Հայաստանի ազգային գոլֆի ասոցիացիայի կողմից: Մրցումների կազմակերպման և իրականացման գործում հատկապես մեծ դեր է ունեցել ասոցիացիայի հիմնադիր և գլխավոր քարտուղար Կարեն Հովհաննիսյանը, ով անձամբ առաջարկել և հոգ է տարել, որպեսզի գոլֆն ընդգրկվի 2015թ-ի ամառային խաղերի ծրագրում: Սա Հայաստանում գոլֆի առաջին միջազգային մրցաշարն է, որը երկրում այս մարզաձևի 10 տարվա զարգացման ուղին ներկայացնող հրաշալի նախաձեռնություն է: Օգոստոսի 2-ին մեկնարկած Համահայկական ամառային 6-րդ խաղերը բացառիկ են իրենց աշխարհագրությամբ, մասնակիցների թվով և ընդգրկված մարզաձևերի քանակով: Ընդհանուր առմամբ, խաղերին մասնակցում են ավելի քան 6000 մարզիկ աշխարհի 36 երկրից և 165 քաղաքից: Երևանից բացի մրցումներն անցկացվում են նաև Ստեփանակերտում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում և Արտաշատում:


Նոր և ժամանակակից մաքրման կայան Դիլիջանում - 31 Հուլիս 2015


Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանն այսուհետեւ նոր և ժամանակակից մաքրման կայան կունենա` հագեցված գերմանական արտադրության նորագույն սարքավորումներով: Հաղարծին համայնքում կառուցված կայանը միանգամից մի քանի խնդիր է լուծում. նախ` Աղստև գետն այլևս չի աղտոտվի կեղտաջրով, հետևաբար՝ կբարելավվի Դիլիջանի և հարակից գյուղերի բնապահպանական իրավիճակը, բացի այդ՝ Հաղարծին գյուղի բնակիչներն էլ նոր աշխատատեղեր կստանան:

Այնպես է ստացվել, որ կոյուղագիծը անցնում է Դիլիջանի մերձակա Հաղարծին և Թեղուտ գյուղերի տարածքով` շրջանցելով այդ բնակավայրերը: Ասել է` կեղտաջրերն այդ տարածքում շարունակում են լցվել Աղստև գետը: Բնակիչները հուսով են, որ այդ բացը կշտկվի:


Դիտե՛ք տեսանյութը:

Էդգար Ստեփանյանը՝ հեծանվավազքի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն - 18 հուլիս 2015



Էդգար Ստեփանյան

Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շրջանավարտ Էդգար Ստեփանյանը (անձնական մարզիչ՝ Կարեն Սարգիսով) Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացված հրապարակային հեծանվավազքի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում սկրատչ մրցաձևում (40 շրջան խմբակային մրցավազք) նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Էդգար Ստեփանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացած Հայաստանի առաջին հեծանվորդը, որը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում, և որի շնորհիվ Աթենքի հեծանվահրապարակում հնչել է Հայաստանի հիմնն ու բարձրացել մեր երկրի դրոշը:

Մրցաշարում հաջող են հանդես եկել նաև մեր մյուս հեծանվորդներ Պավել Ստեփանյանն ու Մհեր Մկրտչյանը` զբաղեցնելով համապատասխանաբար 10-րդ և 19-րդ տեղերը:

Տեղեկացնենք, որ Հայաստանի հավաքականն իր վաստակած ոսկե մեդալով հայրենիք է վերադառնալու այսօր՝ հուլիսի 18-ին՝ կեսգիշերին մոտ:

Հիշեցնենք նաև, որ մինչ առաջնությունը Ծաղկաձորում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք անցկացնող հեծանվային սպորտի հավաքական թիմի անդամներին այցելել և հաջողություն էին մաղթել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ու Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը:


Պատրիկ Լորենը`«Շիրակջրմուղում» աշխատողների կրճատումների եւ այլ ծրագրերի մասին - 01.07.2015թ.



Պատրիկ Լորեն

«Ավելի փոքրաթիվ անձնակազմ, բայց ավելի բարձր աշխատավարձով»

Գյումրի ժամանած «Հայջրմուղ» ՓԲԸ, «Շիրակջրմուղ» ՓԲԸ, «Լոռիջրմուղ» ՓԲԸ, «Նորակունք» ՓԲ ընկերության միջազգային գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը ԶԼՄ-ների հետ զրույցում խոսեց ընկերությունում կատարված եւ դեռ շարունակվելիք կրճատումների, արդյունավետ աշխատանքների եւ այլ փոփոխությունների մասին:

Պ.Լորենի խոսքով` այսօր ընկերությունն իր առջեւ նպատակ է դրել արդիականացնել համակարգը, տեղադրվում են նոր տեխնիկական սարքավորումներ: Արդյունավետ գործունեության դեպքում էլ հնարավոր կլինի պահպանել ջրի սակագինն ու չբարձրացնել:

«Գերադասում ենք ունենալ ավելի փոքրաթիվ անձնակազմ, բայց ավելի բարձր աշխատավարձերով: Ներկայումս անձնակազմը գնալով կրճատվում է ու օպտիմալացվում: Նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնել է, բայց դեռեւս այդ աշխատավարձը ընկերությունում նվազագույն աշխատավարձի շեմից ցածր է, դրա համար հարկ կլինի այդ նվազագույն շեմը հաղթահարել,-ասում է Պ.Լորենն ու շարունակում,-փոքրաթիվ անձնակազմը կունենա ավելի շատ պարտականություններ»:

Պ.Լորենի փոխանցմամբ` նոր տեխնիկական սարքավորումներ են տեղադրվում, որոնց միջոցով, մասնավորապես, ջրամբարներում առցանց ռեժիմով հսկվում է ջրի մակարդակը, ջրատարներում ջրի ճնշումը, ջրաքանակն առցանց ռեժիմով հնարավոր է լինում հսկել:


Շիրակի մարզում երկրորդ անգամ անցկացրած վիճակահանությամբ հաղթող է ճանաչվել գյումրեցի Ռուբեն Գևորգյանը 29.06.2015թ.


"Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ, "Շիրակ" և "Լոռի" ջրմուղկոյուղիներ և "Նոր Ակունք" ՓԲԸ-ները ֆրանսիական "Սաուռ" ընկերության նախաձեռնությամբ հունիսի 29-ին Շիրակի մարզում արդեն երկրորդ անգամ անցկացրել է վիճակահանություն, որի նպատակը բարեխիղճ բաժանորդներին խրախուսելն է: Երեք ամիսը մեկ անգամ անցկացվող վիճակահանությանը կմասնակցեն բոլոր այն բաժանորդներն, ովքեր իրենց ջրաչափերի ցուցմունքները SMS հաղորդագրության միջոցով կուղարկեն համապատասխան կարճ համարին:


Նախարար Գաբրիել Ղազարյանի և Պատրիկ Լորենի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը կյանքի է կոչվել 02.06.2015թ.



Նվեր մարզիկին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը օրերս ընդունել էր «Սաուղ» ընկերության տնօրեն Պատրիկ Լորենին, որը «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», Արմավիրի «Նոր Ակունք» «Լոռի-ջրմուղկոյուղի» ընկերությունների հավատարմագրային կառավարումը ստանձնած ֆրանսիական «Սաուղ» կազմակերպության տնօրենն է, և նրա հետ քննարկել է հեծանվային սպորտի հետ կապված կազմակերպչական հարցեր:

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել Պատրիկ Լորենի սպորտի և, մասնավորապես, հեծանվային սպորտի նկատմամբ ցուցաբերած ուշադրության կապակցությամբ և նշել, որ բարձր է գնահատում տարբեր մարզաձևերը ներկայացնող մարզիկներին աջակցելու նրա նախաձեռնությունները: Պարոն Լորենը, շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար, իր կողմից խոստացել է հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականի անդամներից մեկին տրամադրել մարզագույք և հունիսի 1-ին հանդիսավոր պայմաններում պրոֆեսիոնալ հեծանիվ է հանձնել միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի հրապարակային հեծանվավազքի երիտասարդական առաջնության խմբային վազքի բրոնզե մեդալակիր Էդգար Ստեփանյանին: Պ. Լորենը հաջողություններ է մաղթել մարզիկին և հույս հայտնել, որ հուլիսի 10-ին Հունաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությունից Էդգարը կվերադառնա հաղթանակով:


«Երազանքների քաղաք» երեխաների համար» 29.05.2015թ.



Երեխաները հրավիրված են «Երազանքների քաղաք»

«Երազանքների քաղաք» բարեգործական փառատոնը, որն ավանդաբար կազմակերպում է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը , նվիրված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Այս տարի միջոցառումը տեղի կունենա ոչ թե Հյուսիսային պողոտայում, ինչպես եղել նախորդ տարինբերին, այլ «Հովնանյան ինտերնեյշնլ» ընկերության «Արարատ Վալի քանթրի քլաբում», ինչը հնարավորություն կտա նվիրել երեխաներին անակնկալներով եւ ուրախությամբ լի մի ամբողջ օր: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը, նշելով, որ միջոցառումը տեղի է ունենում արդեն չորրորդ տարին անընդմեջ:

«Մենք փորձում ենք այդ երեխաների երազանքներրի գոնե մի մասն իրականացնել` այն երազանքների, որոնք առարկայական են: Օրինակ, մեկը երազում է դառնալ ֆուտբոլիստ և նրան աջակցում ենք ընդգրկվել ֆուտբոլի խմբակում, մյուսը երազում է առողջանալ` փորձում ենք հնարավորինս աջակցել այդ հարցում, ընդ որում »,- ասաց նա` շեշտելով, որ երեխաների հետ աշխատանքը տարվում է ողջ տարվա ընթացքում:

Այս նախաձեռնությունը, ըստ էության, բիզնեսի սոցիալական պատասխանատվության օրինակներից մեկն է հանդիսանում: Նախագծի նպատակն է երազանքների իրականացման և անակնկալներով լի հեքիաթային մի օր կազմակերպել անապահով, առողջական խնդիրներ ունեցող և մանկատների երեխաների համար, ինչպես նաև նրանց տրամադրել դրամական օգնություն: Միջոցառմանը ներկա են գտնվելու պետական, դիվանագիտական և մասնավոր կառույցների պատվավոր այրեր, դիվանագետներ, քաղաքական գործիչներ իրենց երեխաների, թոռնիկների հետ միասին: Հյուրերն են` Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, «Վահագն ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի նախագահ Վահագն Հովնանյանը, նաև դեսպաններ` Լեհաստանի, Հնդկաստանի, Դանիայի , Չեխիայի և Գերմանիայի: Կլինեն ներկայացված նաև UNICEF Armenia, World Vision, Save the Children, Կարմիր խաչ միջազգային կառույցները և այլն:

«Միջոցառումը մի քանի փուլից է բաղկացած` մշակութային, խաղային, գոլֆի մրցաշար , կլինի նաև սոցիալական ֆիլմի ցուցադրություն: Մեր նպատակն է, որ երեխաները մեծերի հետ հավասար ուրախ օր անցկացնեն, երեխայանան, նաև երեխաները, իրենց հերթին, շփվեն ու ծանոթանան այն մարդկանց հետ, ովքեր նրանց խնդիրների կողքին են»,- հավելեց Ն.Մանուկյանը:

Ասուլիսին ներկա «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գործառնությունների տնօրեն Արնաուդ Բիոլայն էլ ասաց, որ արդեն տասը տարի իրենց խումբը ներկայացված է Հայաստանում, և առաջին նպատակը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում «Մաքուր ջուր» նախագիծն է, բացի այս մշտապես մասնակցում են բազմաթիվ նախաձեռնությունների, որոնք առնչվում են երեխաներին ու նրանց իրավունքների պաշտպանությանը, տարին երկու անգամ պարտադիր այցելում հայաստանյան մանկատներ, հնարավորինս աջակցություն ցուցաբերում և այլն.

«Մենք նաև կրթական ծրագրերի միջոցով ենք աշխատում երեխաների հետ, սովորեցնում նրանց ինչպես խնայել ու ինչպես վարվել ջրի հետ: Այս միջոցառման շրջանակում մեր մասնակցության նպատակներից մեկն այն է, որ միջոդցառումն իր մեջ ներառում է սպորտային բաղադրիչ: Մենք համոզված ենք, որ սպորտը հնարավորություն է տալիս երեխաներին զարգանալ, լինել առողջ, ինչպես նաև սովորել պատասխանատու լինել»,- շեշտեց նա` հավելելով, որ հույս ունի, որ այս ու նմանատիպ միջոցառումների միջոցով հնարավոր կլինի շատ երեխաների կյանքը բարելավել ու իրականացնել երեխաների երազանքները:

Արնաուդ Բիոլայն կարեւորեց բիզնես ընկերությունների կողմից սոցիալական պատասխանատվության գիտակցումը՝ նշելով, որ իրենք փորձում են հենց այդ սկզբունքով առաջնորդվել: «Ես կարծում եմ, որ ապագայում ընկերությունների հաջողության չափանիշներից մեկը կլինի սոցիալական ոլորտում իրենց մասնակցության գործոնը: Բիզնեսն ու առոօրյան իրարից անջատ չեն կարող լինել»,- ընդգծեց օտարերկրյա պաշտոնյան:

Շարունակելով միջոցառման մասին խոսել Նարինե Մանուկյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ չի կարող ասել, թե որքան գումար է հավաքագրվել երեխաների համար, քանի որ հենց միջոցառման օրն էլ հանգանակություն է իրականացվելու: Բայց, ավելացրեց նա, միջոցառման նպատակը միայն գումարը չէ ու գումարային աջակցությունը չէ, այլ այն, որ երեխաները ինչ որ չափով իրականացնեն իրենց երազանքները. ասենք, եթե երազում են զբաղվել ֆուտբոլով կամ գնալ լոզի, ապա ստանան այդ հնարավորությունը, որից զրկված էին ընտանիքի սոցիալական ծանր պայմանների պատճառով.

«Փորձում ենք քիչ-քիչ, կաթիլ առ կաթիլ հասնել նրան, որ տարիների ընթացքում երեխաների խոցելի խումբ չունենանք ու միջոցառումներ անցկացնենք ոչ թե երեխաներին աջակցելու համար, այլ ուղղակի ուրախանանք երեխաների հետ իրենց օրը` հունիսի 1-ին» ,- հավելեց նա:

Ի դեպ, այդ օրը երեխաները մեծերի հետ նաև գոլֆի մրցույթի կմասնակցեն ու բանախոսի խոսքով` այս փաստը նրանց մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Բանախոսները շեշտեցին, որ, առհասարակ` երեխաներին վերաբերող նախագծերն ու ծրագրերը պետք է լինեն շարունակական, միայն այդ կերպ հնարավոր նէ հասնել շոշափելի արդյունքների ու հանարվորինս նվազեցնել այն երեխաների թիվը, որոնց երազանքները չեն իրականանում ընտանիքի սոցիալական պայմանների պատճառով:

Նշենք, որ միջոցառումը տեղի կունենա մայիսի 31-ին, ժամը 11-ին «Հովնանյան ինտերնեյշնլ» ընկերության «Արարատ Վալի քանթրի քլաբում»:



Աշխատանքները տվեցին դրական արդյունք 5 մայիսի 2015թ.



«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն` Պատրիկ Լորեն

Պարոն Լորեն, անցած տարի մամուլը անդրադարձել էր Արարատյան դաշտավայրի արտեզյան չշահագործվող հորերի կոնսերվացման եւ լուծարման հարցին: Արդյոք Ձեր այսօրվա այցը Արարատի մարզ կապվա՞ծ էր այս խնդրի հետ:

– ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի վարչական տարածքում գտնվող N15 խորքային հորը հորատվել է 80-ական թվականներին` Երեւան քաղաքի ջրամատակարարման նպատակով, սակայն հորատման օրվանից այն չի շահագործվել, քանի որ գտնվել է վթարային վիճակում: Հորատանցքից ինքնաբուխ շուրջ 360-400 լ/վրկ ջրաքանակ տասնյակ տարիներ շարունակ արտահոսել է, հորի գլխամասային հատվածը հայտնվել էր 3 մ ջրի շերտի տակ, չկար մոտեցման հնարավորություն: Հորատման օրվանից բազմիցս միջոցներ են ձեռնարկել հորի լուծարման ուղղությամբ, սակայն դրանք արդյունք չեն տվել:

2014թ.-ին վթարային հորի լուծարումը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հանձնարարվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին: Նույն թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ծախսելով մոտ 9.0 մլն դրամ՝ ընկերությունը փորձառու կազմակերպության միջոցով փորձել է լուծարել վթարային հորը, սակայն աշխատանքներն արդյունք չեն տվել: Հաշվի առնելով այս հարցի կարեւորությունը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանման գործում՝ մենք որոշեցինք ընկերության միջոցների հաշվին վերջնականապես լուծել այս խնդիրը: Լուծարման աշխատանքները վերսկսվեցին 2015թ. ապրիլից` մեկ այլ փորձառու կազմակերպության հետ կնքված` մոտ 20 մլն դրամ արժեքով պայմանագրի համաձայն:

Հետաքրքիրն այն է, որ ըստ պայմանագրի՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գումարը կվճարի կապալառու կազմակերպությանը միայն աշխատանքների հաջող ավարտի դեպքում: Մեկամսյա աշխատանքները տվեցին դրական արդյունք: Հաջողվել է կանխել 400 լ/վրկ արտադրողականությամբ ինքնաբուխ շատրվանող հորի հիմնական արտահոսքը: Մայիսի 5-ին շինհրապարակ կատարված իմ այցելության ժամանակ պարզվեց, որ հորի լուծարման աշխատանքներն ավարտման փուլում են, եւ ներկայումս տարվում են աշխատանքներ թույլ ջրատար հորիզոնից 15-20 լ/վրկ ջրերի արտահոսքը կանխելու եւ հորի վերջնական լուծարումն իրականացնելու ուղղությամբ: Բացի այդ, ասեմ Ձեզ, որ 2014 թվականի ընթացքում նույն տարածաշրջանում ընկերության միջոցներով նաեւ կոնսերվացվել է 8 չշահագործվող հոր:


Հորը լուծարումից առաջ



Հորի լուծարման ընթացքը

Ջերմուկի կոյուղաջրերն այլեւս չեն աղտոտի Կեչուտի ջրամբարը 26 Նոյեմբեր 2014թ.



Ջերմուկի մաքրման կայան

Ջերմուկ քաղաքի կոյուղաջրերն այլեւս առանց մաքրման չեն թափվի Կեչուտի ջրամբար ու այնտեղից էլ հոսի դեպի Սեւանա լիճ:

Մի քանի օրից քաղաքից շուրջ 7 կմ հեռավորության վրա գտնվող ջրամբարի տարածքում կգործարկվի կեղտաջրերի մաքրման կայանը, որը կառուցվել է «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» շրջանակներում Եվրոպական միության, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի ու ՀՀ Կառավարության ֆինանսական աջակցությամբ:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Կեղտաջրերի մաքրման կայանների եւ կեղտաջրերի պոմպակայանների բաժնի պետ Սամվել Յաժյանի խոսքով, Ջերմուկի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանի բոլոր սարքավորումները բարձրակարգ են ու արտադրված են Գերմանիայում:

«Մեխանիկական կայանը մաքրում է կոյուղաջրերի կոշտ մասերը, առանձնացնում է 4 տեսակի նյութեր՝ մեծ ու մանր չափի կոշտ թափոնները, տիղմը, յուղային եւ ճարպային մասնիկները: Կեղտը տեղափոխվում է Մարտունու մաքրման կայանի տարածք ու պահեստավորվում»,- նշել է Սամվել Յաժյանը:

Կայանի կառուցման վայրը պատահական չի ընտրվել. հաշվի են առնվել դիրքը, քաղաքից հեռու լինելն ու ցածրադիր վայրը, քանի որ կայանն աշխատելու է ինքնահոսով: Ջերմուկի կեղտաջրերի մաքրման կայանն աշխատելու է 110 լիտր/ վայրկյան հզորությամբ, այսինքն՝ օրական այն կարող է մաքրել շուրջ 9500 մ³ ջուր. «Կայանը հեռանկարային է, հաշվի է առնված այն փաստը, որ քաղաքի բնակչությունը կարող է ավելանալ: Բացի այդ էլ, տարածքն այնպես է ընտրված, որ հետագայում հնարավոր լինի կառուցել նաեւ կենսաբանական մաքրման կայան»:



















ԱԻՆ աշխատակիցները` մարզական փառատոնում 10.06.2014թ


ԱԻՆ աշխատակիցները` մարզական փառատոնում

Հունիսի 10-12-ը Հայաստանի ազգային պարաօլիմպիկ կոմիտեն կազմակերպում է հաշմանդամների հանրապետական մարզական 12-րդ փառատոնը: Մրցումներն անցկացվում են Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում:

Մարզական փառատոնին մասնակցում է ՀՀ տարբեր մարզերից ու մայրաքաղաքից ժամանած, հաշմանդամություն ունեցող 110 մարզիկ, որոնց թվում են նաև ՀՀ ԱԻ նախարարության 5 աշխատակից: Փառատոնում ընդգրկված են բասկետբոլ, բազկամարտ, լող, սեղանի թենիս, ծանրամարտ և շախմատ մարզաձևերը:

Բացման հանդիսավոր արարողությանը «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամների միության և Հայաստանի ազգային պարաօլիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը նշեց, որ մարզական փառատոնի մասնակիցների թիվը տարեց տարի ավելանում է, ինչը վկայում է հասարակական կյանքում նրանց առավել մեծ ընդգրկվածության մասին:

Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մնացականյանն ասաց, որ կենտրոնի կոլեկտիվը հպարտ է ու միշտ պատրաստակամ հյուընկալելու այս փառատոնը:


ԱԻՆ աշխատակիցները` մարզական փառատոնում

ՀՀ ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը փառատոնի մասնակիցներին փոխանցեց ԱԻ նախարարի ողջույնի խոսքը` ընդգծելով այն փաստը, որ ԱԻ նախարարությունը միակ պետական կառույցն է, որտեղ աշխատում են սայլակավոր հաշմանդամներ, որոնք հանդիսանում են նախարարության մեծ ընտանիքի լիարժեք անդամներ:

Հաշմանդամների «Փարոս» երգչախմբի կենդանի կատարմամբ հնչեց ՀՀ օրհներգը և կազմակերպիչներն ազդարարեցին մրցումների մեկնարկը:

Մարզական փառատոնի կազմակերպմանն աջակցել են նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական ու բարեգործական կազմակերպություններն ու «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը





ԱԻՆ աշխատակիցները` մարզական փառատոնում

Վարչապետն ընդունել է ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահին 12.05.2014թ.


«Սաուր» ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լե Կոնտի գլխավորած պատվիրակության հանդիպումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լե Կոնտի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը գոհունակություն է հայտնել ֆրանսիական ընկերության կողմից մեր երկրում իրականացվող աշխատանքների ընթացքից:

««Սաուր» ընկերությունը մեր ակնկալիքներն արդարացրել է, քանի որ այս բնագավառում արձանագրվել են դրական տեղաշարժեր: Մասնավորապես, ավելացել է ջրամատակարարման ժամանակացույցը, բարձրացել է ջրի ախտահանման տոկոսը և այլն»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Ժերոմ Լե Կոնտը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ ցուցաբերած աջակցության համար: Ֆրանսիական ընկերության գործադիր նախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում մեր երկրում ներդրվելու է ջրամատակարարման ցանցի վերահսկման բարձրակարգ համակարգ, աշխատանքներ են տարվում հեռակառավարման կենտրոնի ստեղծման ուղղությամբ, ինչպիսին գործում է Ֆրանսիայում: Մշակվում են նաև այլ նոր ծրագրեր:

Վարչապետ Աբրահամյանը ողջունել է «Սաուր» ընկերության կողմից առաջիկայում նախատեսվող ծրագրերը և հայտնել կառավարության աջակցությունը դրանց հաջողությամբ իրականացնելու գործում:




Հաշմանդամային սպորտի 10-րդ փառատոնն ավարտվեց 25.06.2012թ.



Հաշմանդամների հանրապետական 10-րդ մարզական փառատոն

ՀԿարմիր Խաչի հետնվնասվածքային վերականգնողական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտեի կազմակերպած հաշմանդամների 10-րդ հանրապետական մարզական փառատոնը, որին մասնակցեցին բոլոր մարզերի 90 մարզիկներ: Նրանք պայքարեցին վեց մարզաձեւերում` հաշմանդամային բասկետբոլ, ծանրամարտ, բազկամարտ, լող, շախմատ, սեղանի թենիս:

Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչներ, Աշխատանքի եւ սոցիալակն հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորինը: Ողջույնի խոսքերից հետո հաշմանդամների «Փարոս» երգչախմբի` Հայաստանի օրհներգի կատարմամբ ազդարարվեց խաղերի բացումը:

Փառատոնի անցկացումը ֆինանսավորվում է Հայաստանի բյուջեից 3 միլիոն դրամի չափով: Եվս 1 միլիոն դրամ տրամադրել էր միջոցառման գլխավոր հովանավոր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն:

Մասնակիցների առօրյան ավելի բովանդակալից եւ հագեցած դարձնելու համար «Խորան Արդ» կազմակերպության աջակցությամբ անցկացվեց «Փարոս» «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը, որի հաղթողները պարգեւատրվեցին «Անտարես հոլդինգ» ընկերության տրամադրած հուշանվերներով եւ գրքերով: Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ծառայության եւ «Բրիտանական խորհուրդ» կազմակերպության աջակցությամբ իրականացվեցին սեմինարներ «Երկրաշարժեր եւ բնական աղետներ» եւ «Լոնդոն-2012 ամառային Պարալիմպիկ խաղեր» թեմաներով:

Փառատոնի փակման արարողությունը տեղի ունեցավ «Դոն Կիխոտ» ռեստորանում: Հաղթողներին մրցանակներ հանձնեցին Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորինը եւ «Բազկամարտի երիտասարդական ասոցիացիայի» նախագահ Արտավազդ Նալբանդյանը:


Մեկնարկում է հաշմանդամների հանրապետական 10-րդ մարզական փառատոնը 19.06.2012թ.



Նվեր մարզիկին

Հունիսի 20-ից 22-ը Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտեն կանցկացնի հաշմանդամների հանրապետական 10-րդ մարզական փառատոնը, որին կմասնակցեն մոտ 90 հաշմանդամ մարզիկներ Հայաստանի տարբեր մարզերից: Փառատոնի ծրագրում ընդգրկված է լող, ծանրամարտ, բազկամարտ, բասկետբոլ, շախմատ եւ թենիս:

Մարզական ծրագրին զուգահեռ կիրականացվեն նաեւ մշակութային ծրագրեր, կկազմակերպվի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ` հաշմանդամ մարզիկների մասնակցությամբ:

Բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 20-ին ժամը 12:30-ին, Միջազգային կարմիր խաչի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնում (Աշտարակի խճուղի 50/1)։ Միջոցառման հովանավորն է ֆրանսիական «ՍԱՈՒՂ» ընկերությունը: