Սույն թվականի մայիսի 30-ին «Սաուղ» ընկերության տնօրեն Պատրիկ Լորենը դրամական օգնություն տրամադրեց ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված, Կապանի բնակիչ Գագիկ Կոլյայի Փարսադանյանի և Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանի ընտանիքներին՝ յուրաքանչյուրին 300 000-ական դրամի չափով։ Տնօրենը նշեց, որ այդ նախաձեռնությունը նպատակ ունի մի փոքր թեթևացնելու հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսների ընտանիքների հոգսը։ Նա իր զորակցությունը հայտնեց ընտանիքներին և արիություն ու կորով մաղթեց նրանց, ինչպես նաև նաև առաջարկեց ընտանիքների դպրոցահասակ երեխաներին միանալ ընկերության աշխատակազմի երեխաների համար կազմակերպվող ամառային ճամբարին։

Բացի այդ, հունիսի 1-ին Գյումրիում և Վանաձորում կայացած հանդիպումների ժամանակ «Լոռի ջրմուղկոյուղի», «Շիրակջրմուղկոյուղի», «Նորակունք», ընկերություները կառավարող կոնսորցիումը՝ «Սաուղ» ընկերությունը, «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի և «ԷՄ-ՎԻ-ՎԻ դեկոնի» հետ համատեղ դրամական աջակցություն ցույց տվեց քառօրյա պատերազմի ժամանակ զոհված, Գյումրի քաղաքի բնակիչներ Հրաչ Վարդանի Գալստյանի, Ալեքսան Գևորգի Առաքելյանի և Վանաձոր քաղաքի բնակիչ Կարեն Դավթյանի ընտանիքներին՝ յուրաքանչյուր ընտանիքին տրամադրելով 300 000-ական դրամ։ Կազմակերպիչները ընդգծեցին այս ընտանիքների կողքին լինելու կարևորությունը։ Ընտանիքներից մեկի դպրոցահասակ երեխան ևս կմիանա վերը նշված ամառային ճամբարին։