Ս/թ ապրիլի 2-ին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը հանդիպեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Խորհրդակցության ընթացքում քննության առնվեցին համայնքներում խմելու ջրի մատակարարման համակարգերի նորացման, ջրամատակարաման սպասարկման բարելավման հետ կապված խնդիրներ: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ անձնակազմը ներկայացրեց այն համայնքների ցանկը, որտեղ 2013 թվականին իրականացվել են խմելու ջրի մատակարարման համակարգերի նորացման եւ ջրամատակարարման բարելավման աշխատանքներ:

Ընկերությունը հրապարակեց նաև այն համայնքերի ցանկը, որտեղ 2014 թվականի ընթացքում արդեն սկսվել կամ պետք է սկսվեն ջրամատակարարման համակարգի նորացման աշխատանքները: ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի եւ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի հետ կնքած վարկային համաձայնագրերի համաձայն խոշոր ներդրումներ են իրականացվելու Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սեւան, Ճամբարակ, Գավառ քաղաքներում, Լճաշեն, Սարուխան, Գանձակ, Նորատուս, Կարմիրգյուղ, Չկալովկա, Ծովազարդ, Ներքին Գետաշեն համայնքներում:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ մի շարք գյուղական համայնքներ արդեն ցանկություն են հայտնել` իրենց բնակավայրերի խմելու ջրի մատակարարման համակարգերը հանձնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կառավարմանը: Նախնական տվյալներով` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կառավարման ոլորտում մոտակա ժամանակներում հայտնվելու են Ծաղկունք, Ծաղկաշեն, Գեղամավան, Դդմաշեն, Ծովագյուղ, Սեմյոնովկա համայնքները: Իսկ Գեղհովիտի ընդգրկման հարցը կքննարկվի տեղում, առաջիկա շաբաթվա ընթացքում: Իր խոսքում պարոն Լորենը նշեց, որ արդեն ընկերությունը կարողանում է գտնել միջոցներ եւ էականորեն բարելավել մարզի խմելու ջրի մատակարարման համակարգը, իսկ վերջին երկու տարիներին գրանցված առաջընթացը լրիվ տեսանելի է ամենատարբեր համայնքների բնակիչների համար:

Ամփոփելով հանդիպման արդյունքները` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր գոհունակությունը հայտնեց մարզի համայնքերի եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրինության համագործակցված աշխատանքից: