"Հայջրմուղկոյուղի" փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության 1997թ. թիվ 169 հրամանով և հանդիսանում է "Հայջրմուղկոյուղի" պետական ձեռնարկության իրավահաջորդը: Վերջինս ստեղծվել էր նախկին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի 1971թ. հունվարի 14-ի թիվ 16 որոշմամբ` Բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրության կազմում ստեղծված ջրմուղ-կոյուղու հանրապետական արտադրական վարչության (որը 1990թ. ՀՀ ձեռնարկությունների մասին օրենքի համաձայն վերափոխվել էր "Հայջրմուղկոյուղի" հատուկ նշանակության պետական ձեռնարկության, իսկ 1994թ.-ին` "Հայջրմուղկոյուղի" պետական ձեռնարկության) բազայի վրա: Ներկայումս ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է 3 տարածքային մասնաճյուղերի և նրանցում ընդգրկված 17 տեղամասերի և 16 ենթատեղամասերի միջոցով: Ընկերությունն իր տարածքային ստորաբաժանումների հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության 37 քաղաքային և մոտ 280 գյուղական համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման (ՋևՋ) համակարգերի տեխնիկական սպասարկման, շահագործման և պահպանման աշխատանքների իրականացումը: Ընկերության բաժնեմասերը 100 տոկոսով պատկանում են պետությանը (ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին): Ջ և Ջ ներհամայնքային ցանցերը հանդիսանում են համայնքների սեփականությունը և ՀՀ կառավարության 1999թ. մարտի 13-ի թիվ 149 որոշման համաձայն, համայնքների հետ կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրերով հանձնվել են ընկերության սպասարկմանը: ՀՀ մարզերի "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ կողմից սպասարկվող համայնքների ընդհանուր թիվը կազմում է`


Համայնքների ընդհանուր թիվը N
Արագածոտնի մարզ 45
Արմավիրի մարզ 33
Արարատի մարզ 73
Գեղարքունիքի մարզ 20
Լոռու մարզ 34
Կոտայքի մարզ 35
Շիրակի մարզ 38
Սյունիքի մարզ 21
Վայոց Ձորի մարզ 7
Տավուշի մարզ 13

Ընկերությունը ծառայություններ է մատուցում 275 000 բաժանորդների, որոնցից միջին հաշվով ամսական ծառայություններից օգտվում են մոտ 190 000-ը: Մատուցվող ծառայությունների սակագները (կիրառվում են մեծածախ և մանրածախ սակագներ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: